Skip to main content

ԱՄԲ ԾՐԱԳՐԵՐ

Ձեր ծնողության ճանապարհը
սկսվում է Mia Baby-ից։
ivf

Մենք օգնում ենք իրականություն դարձնել երեխա ունենալու երազանքը՝ կիրառելով ԱՄԲ ժամանակակից տեխնոլոգիաները։ Անհատական բուժման ծրագրերը, ժամանակակից սաղմնաբանական լաբորատորիան և PGT գենետիկական թեստավորումը հնարավորություն են տալիս ընտրել յուրաքանչյուր պացիենտի համար առավել համապատասխան մոտեցումը։

Մենք ապահովում ենք մասնագիտական և հոգատար ուղեկցում յուրաքանչյուր փուլում՝ առաջին խորհրդատվությունից մինչև երկար սպասված հղիությունը։

Վստահեք ձեր ծնողության ճանապարհը Mia Baby-ի փորձառու թիմին, որն ամեն օր օգնում է մարդկանց իրականացնել մայր կամ հայր դառնալու իրենց երազանքը։

Ինչո՞ւ վստահել ԱՄԲ ծրագիրը Mia Baby կլինիկային


Արդյունքներ, որոնք վստահություն են ներշնչում
Մեր փորձը հիմնված է տարիների աշխատանքի և հարյուրավոր ընտանիքների հաջողված պատմությունների վրա։ Մենք ունենք տարբեր բարդության վերարտադրողական խնդիրների հետ աշխատելու մեծ փորձ և յուրաքանչյուր դեպքի համար ընտրում ենք անհատական մոտեցում։
Ժամանակակից սաղմնաբանական լաբորատորիա
Մեր սաղմնաբանական լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել էմբրիոնների զարգացման համար անհրաժեշտ պայմանները և իրականացնել ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ PGT գենետիկական թեստավորում։
Անհատական բուժման ծրագիր
Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական բուժման ծրագիր՝ հիմնված բժշկական տվյալների, հետազոտությունների արդյունքների և վերարտադրողական նպատակների վրա։ Մենք ընտրում ենք առավել համապատասխան խթանման և բուժման սխեման՝ հաշվի առնելով ինչպես արդյունավետությունը, այնպես էլ պացիենտի հարմարավետությունն ու անվտանգությունը։
Փորձառու մասնագետների թիմ
Վերարտադրաբանը, սաղմնաբանը, գենետիկը և անդրոլոգը համագործակցում են ծրագրի տարբեր փուլերում։ Կարևոր բժշկական որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները և մասնագետների համատեղ գնահատականը։
Անվտանգություն և թափանցիկություն
Մենք ձգտում ենք ապահովել ծրագրի պայմանների և վճարումների առավելագույն թափանցիկությունը։ Լաբորատորիայում և կրիոպահեստում մշտապես վերահսկվում են կենսանյութերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։
Հոգատար ուղեկցում յուրաքանչյուր փուլում
Ձեր անձնական կոորդինատորը ուղեկցում է ձեզ ծրագրի ամբողջ ընթացքում՝ առաջին խորհրդատվությունից մինչև հղիության հաստատումը։ Մենք օգնում ենք լուծել կազմակերպչական հարցերը, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ ամենակարևորի՝ ծնող դառնալու ձեր ճանապարհի վրա։

Mia Baby կլինիկան վերարտադրողական բժշկության համալիր կենտրոն է

Ի՞նչ է ԱՄԲ-ն։
ԱՄԲ-ն (արտամարմնային բեղմնավորում) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա է, որի դեպքում ձվաբջջի բեղմնավորումը տեղի է ունենում կնոջ օրգանիզմից դուրս՝ սաղմնաբանական լաբորատորիայում։
Այս մեթոդը կիրառվում է անպտղության տարբեր պատճառների դեպքում և օգնում է մեծացնել հղիության հասնելու հնարավորությունը, երբ բնական ճանապարհով բեղմնավորումը դժվարացած է կամ բժշկական պատճառներով հնարավոր չէ։
Այսօր ԱՄԲ-ն լայնորեն կիրառվող վերարտադրողական տեխնոլոգիա է, որն օգնել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում իրականացնել ծնող դառնալու իրենց երազանքը։
Ինչպե՞ս են իրականացվում ԱՄԲ ծրագրերը։

ԱՄԲ ծրագիրը բաղկացած է մի քանի հաջորդական փուլերից, որոնք իրականացվում են մասնագետների վերահսկողությամբ։

  1. Հետազոտություն և նախապատրաստում
    Պացիենտներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա բժիշկը գնահատում է վերարտադրողական առողջությունը և կազմում անհատական բուժման ծրագիր։

  2. Ձվարանների խթանում
    Հորմոնալ դեղամիջոցների միջոցով խթանվում է մի քանի ֆոլիկուլների աճն ու հասունացումը։ Բուժման ընթացքում բժիշկը ուլտրաձայնային և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների միջոցով վերահսկում է ձվարանների արձագանքը։

  3. Ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների ստացում
    Ֆոլիկուլների հասունացումից հետո իրականացվում է պունկցիա՝ ձվաբջիջները ստանալու նպատակով։ Միջամտությունը սովորաբար կատարվում է կարճատև անզգայացմամբ և տևում է մոտ 15–20 րոպե։

  4. Բեղմնավորում լաբորատորիայում
    Ստացված ձվաբջիջները բեղմնավորվում են զուգընկերոջ կամ դոնորի սերմնաբջիջներով։ Բժշկական ցուցումների դեպքում կարող է կիրառվել ICSI մեթոդը, որի ժամանակ ընտրված մեկ սերմնաբջիջը ներմուծվում է անմիջապես ձվաբջջի մեջ։

  5. Էմբրիոնների աճեցում
    Բեղմնավորումից հետո էմբրիոնները մի քանի օր զարգանում են սաղմնաբանական լաբորատորիայի հատուկ ինկուբատորներում՝ համապատասխան պայմաններում և մասնագետների վերահսկողությամբ։
    Անհրաժեշտության և համապատասխան ցուցումների դեպքում կարող է իրականացվել նաև նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT)՝ էմբրիոնների որոշակի գենետիկական և քրոմոսոմային փոփոխությունների հայտնաբերման նպատակով։

  6. Էմբրիոնի տեղափոխում արգանդի խոռոչ
    Ընտրված էմբրիոնը բարակ կաթետրի միջոցով տեղափոխվում է արգանդի խոռոչ։ Սովորաբար այս միջամտությունը չի պահանջում անզգայացում։

  7. Հղիության աջակցություն և հաստատում
    Էմբրիոնի տեղափոխումից հետո, բժշկի ցուցմամբ, նշանակվում է համապատասխան դեղորայքային աջակցություն։ Սահմանված ժամկետում կատարվում է β-hCG արյան հետազոտություն՝ հղիությունը հաստատելու համար, իսկ հետագայում՝ ուլտրաձայնային հետազոտություն՝ հղիության զարգացումը գնահատելու նպատակով։

Կարևոր է։ ԱՄԲ ծրագրի ընթացքում չտեղափոխված համապատասխան որակի էմբրիոնները կարող են կրիոպահպանվել հետագա օգտագործման համար։ Դա որոշ դեպքերում հնարավորություն է տալիս իրականացնել հետագա էմբրիոտրանսֆեր՝ առանց ձվարանների կրկնակի խթանման և ձվաբջիջների ստացման։

Mia Baby կլինիկայում ԱՄԲ ծրագրի յուրաքանչյուր փուլ իրականացվում է փորձառու վերարտադրաբանների և սաղմնաբանների մասնակցությամբ։ Մենք ձգտում ենք ապահովել մասնագիտական, անհատական և հոգատար ուղեկցում՝ առաջին խորհրդատվությունից մինչև բուժման ծրագրի ավարտը։

Անպտղության բուժում (ԱՄԲ և էմբրիոնների տեղափոխում)

ԱՄԲ ծրագրեր՝ ICSI-ով
և առանց ICSI-ի

ԱՄԲ ծրագրեր՝ թարմ էմբրիոնի տեղափոխմամբ
Բնական ցիկլով ԱՄԲ

Բնական ցիկլով ԱՄԲ-ն ծրագիր է, որի ընթացքում ձվարանների հորմոնալ խթանում չի իրականացվում։ Ձվաբջիջը ստացվում է պացիենտի բնական դաշտանային ցիկլի ընթացքում հասունացող ֆոլիկուլից։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը։

  1. Ձվաբջջի ստացում․ բժիշկը ուլտրաձայնային հետազոտության և լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) մակարդակի որոշման միջոցով հետևում է դոմինանտ ֆոլիկուլի աճին (սովորաբար՝ մեկ, հազվադեպ՝ երկու ֆոլիկուլ)։ Երբ ֆոլիկուլը հասնում է անհրաժեշտ չափին, կատարվում է պունկցիա՝ հասուն ձվաբջիջը ստանալու համար։
  2. Բեղմնավորում․ ստացված ձվաբջիջը բեղմնավորվում է ICSI մեթոդով՝ ընտրված մեկ սերմնաբջիջն անմիջապես ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ ներմուծելու միջոցով։
  3. Էմբրիոնի աճեցում․ ստացված էմբրիոնն աճեցվում է ինկուբատորում մինչև 5-րդ օրը՝ բլաստոցիստի փուլը, որից հետո տեղափոխվում է արգանդի խոռոչ կամ կրիոպահպանվում։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների լավ պաշար ունեցող պացիենտների, անհայտ ծագման անպտղության, գերխթանման ռիսկի կամ հորմոնալ խթանման հակացուցումների դեպքում, ինչպես նաև նրանց համար, ովքեր նախընտրում են նվազագույն միջամտություն։

Առավելությունները․ ձվարանների գերխթանման համախտանիշի (ՁԳՀ) ռիսկի բացակայություն, ավելի ցածր արժեք և բնական ցիկլի ընթացքին համապատասխան մոտեցում։

Սահմանափակումները․ վաղաժամ օվուլյացիայի բարձր ռիսկ, որի պատճառով ցիկլը կարող է չեղարկվել, բժշկի այցելությունները ցիկլի ընթացքին համապատասխանեցնելու դժվարություն, հաճախ միայն մեկ ձվաբջջի ստացում և, հետևաբար, էմբրիոն ստանալու ավելի փոքր հնարավորություն։ Անհրաժեշտ է ճշգրիտ վերահսկում։

ԱՄԲ՝ ձվարանների նվազագույն խթանմամբ

Նվազագույն խթանմամբ ԱՄԲ-ն (ICSI մեթոդով), որը հայտնի է նաև որպես «մեղմ» խթանման ծրագիր, միջանկյալ տարբերակ է բնական ցիկլով և լիարժեք խթանմամբ ԱՄԲ ծրագրերի միջև։ Պացիենտը կարճատև կուրսով (սովորաբար 5–7 օր) ստանում է հորմոնալ դեղամիջոցների ցածր դեղաչափեր՝ սահմանափակ թվով ֆոլիկուլների հասունացման համար (սովորաբար՝ 2–7 ֆոլիկուլ, միջինում ստացվում է 3–6 ձվաբջիջ)։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը։

  1. Խթանում և ձվաբջիջների ստացում․ կիրառվում են բերանով ընդունվող դեղամիջոցներ (կլոմիֆեն, լետրոզոլ)՝ գոնադոտրոպինների ցածր դեղաչափերի հետ համատեղ։ Գերխթանման ռիսկը նվազագույն է։ Երբ 2–3 ֆոլիկուլ հասնում է անհրաժեշտ չափին, կատարվում է ֆոլիկուլների պունկցիա։
  2. Բեղմնավորում․ ստացված ձվաբջիջները բեղմնավորվում են ICSI մեթոդով․ ընտրվում է կառուցվածքային նորմալ հատկանիշներով սերմնաբջիջ և ներմուծվում յուրաքանչյուր ձվաբջջի մեջ։
  3. Էմբրիոնների աճեցում․ էմբրիոններն աճեցվում են մինչև 5-րդ օրը՝ բլաստոցիստի փուլը, որպեսզի ընտրվի առավել կենսունակ էմբրիոնը՝ տեղափոխման կամ կրիոպահպանման համար։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների ցածր կամ սահմանային պաշար ունեցող պացիենտների (հակամյուլերյան հորմոնի՝ ԱՄՀ-ի ցածր մակարդակ), նախորդ ինտենսիվ խթանմամբ ծրագրերի անհաջողության կամ ձվարանների գերխթանման համախտանիշի (ՁԳՀ) ռիսկի դեպքում, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզի ժամանակ։ Ծրագիրը նախատեսված է նաև 35–38 տարեկանից բարձր կանանց և նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել օրգանիզմի հորմոնալ ծանրաբեռնվածությունը։

Առավելությունները․ գերխթանման ռիսկը զգալիորեն ցածր է, կողմնակի ազդեցությունները՝ տրամադրության փոփոխությունները և այտուցները, ավելի քիչ են, իսկ դեղամիջոցների արժեքը՝ ավելի ցածր։ Հնարավոր է բուժման ցիկլերն իրականացնել հաջորդաբար՝ առանց ընդմիջման։ Մոտեցումն ավելի մոտ է բնական ցիկլի ընթացքին։

Սահմանափակումները․ լիարժեք խթանման համեմատ ստացվում է ավելի քիչ ձվաբջիջ, ուստի էմբրիոնների ընտրության հնարավորությունն ավելի սահմանափակ է։ Արդյունքի հասնելու համար կարող է պահանջվել 2–3 ցիկլ։ Կա վաղաժամ օվուլյացիայի կամ խթանման նկատմամբ անբավարար արձագանքի ռիսկ։

ԱՄԲ՝ ձվարանների խթանմամբ

Ձվարանների խթանմամբ ԱՄԲ-ն (ICSI մեթոդով), որը հայտնի է նաև որպես «դասական» կամ «լիարժեք» խթանման ծրագիր, ԱՄԲ ծրագիր է, որի ընթացքում հորմոնալ դեղամիջոցների միջոցով խթանվում է ձվարաններում բազմաթիվ ֆոլիկուլների միաժամանակյա աճն ու հասունացումը (միջինում՝ 8–15 և ավելի)։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը։

  1. Խթանում և ձվաբջիջների ստացում․ պացիենտն անցնում է հորմոնալ խթանման կուրս (10–14 օր)՝ գոնադոտրոպինների և GnRH ագոնիստների կամ անտագոնիստների կիրառմամբ։ Ուլտրաձայնային և արյան հետազոտությունների միջոցով վերահսկվում է 10–20 ֆոլիկուլների աճը։ Հասունացումից հետո կատարվում է ֆոլիկուլների պունկցիա՝ ձվաբջիջները ստանալու համար։ Միջամտությունն իրականացվում է ներերակային սեդացիայով կամ ընդհանուր անզգայացմամբ։
  2. Բեղմնավորում․ ստացված հասուն ձվաբջիջները բեղմնավորվում են ICSI մեթոդով՝ յուրաքանչյուր ձվաբջջի մեջ մեկ ընտրված սերմնաբջիջ ներմուծելու միջոցով։ Այս մեթոդը հատկապես կարևոր է տղամարդու գործոնով պայմանավորված անպտղության դեպքում՝ սերմնաբջիջների կառուցվածքային փոփոխությունների, ցածր շարժունակության, փոքր քանակի կամ ամորձու բիոպսիայով սերմնաբջիջների ստացման դեպքում։
  3. Էմբրիոնների աճեցում․ ստացված էմբրիոններն աճեցվում են հատուկ ինկուբատորներում մինչև 5-րդ օրը՝ բլաստոցիստի փուլը։ Այդ ընթացքում գնահատվում է դրանց զարգացումը և ընտրվում են տեղափոխման կամ կրիոպահպանման համար համապատասխան էմբրիոնները։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների նորմալ պաշար ունեցող պացիենտների, փողային, էնդոկրին, տղամարդու գործոնով պայմանավորված կամ համակցված անպտղության դեպքում, ավելի մեղմ խթանմամբ ծրագրերի անհաջող փորձերից հետո, մինչև 38–40 տարեկան կանանց, ինչպես նաև դոնորական ծրագրերի շրջանակում։

Առավելությունները․ մեկ ցիկլում ավելի մեծ թվով ձվաբջիջների ստացում և էմբրիոնների ընտրության ավելի լայն հնարավորություն, այդ թվում՝ նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորման (PGT) համար։ Հնարավոր է մի քանի էմբրիոն կրիոպահպանել հետագա օգտագործման համար։

Սահմանափակումները․ ձվարանների գերխթանման համախտանիշի (ՁԳՀ) բարձր ռիսկ, այդ թվում՝ հոսպիտալացում պահանջող ծանր ձևերի, օրգանիզմի զգալի հորմոնալ ծանրաբեռնվածություն՝ տրամադրության փոփոխություններով, այտուցներով և քաշի ավելացմամբ։ Դեղամիջոցներն ու վերահսկող հետազոտությունները կարող են ավելի ծախսատար լինել, իսկ բժշկի այցելություններն ու ներարկումները՝ ավելի հաճախակի։ Ձվարանների ցածր պաշարի կամ նախկինում էստրոգենից կախված քաղցկեղի առկայության դեպքում ծրագրի կիրառման հնարավորությունը պետք է գնահատի բժիշկը։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

ԱՄԲ՝ դոնորական
կենսանյութով

ԱՄԲ ծրագրեր՝ դոնորական կենսանյութի կիրառմամբ
Նախկինում կրիոպահպանված ձվաբջիջների հալեցում

Միջամտության ընթացքում նախապես կրիոպահպանված ձվաբջիջները (պացիենտի սեփական կամ անանուն դոնորի) հալեցվում են, ապա բեղմնավորվում ICSI մեթոդով։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը։

  • Հալեցում․ կրիոպահպանված ձվաբջիջները զգուշորեն հալեցվում են հատուկ միջավայրում։ Որակյալ ձվաբջիջների կենսունակության պահպանման ցուցանիշը կազմում է 70–90%։
  • Բեղմնավորում․ հալեցումից հետո կենսունակությունը պահպանած յուրաքանչյուր հասուն ձվաբջիջ բեղմնավորվում է ICSI մեթոդով՝ մեկ սերմնաբջջի ներմուծմամբ։
  • Էմբրիոնների աճեցում․ ստացված էմբրիոններն աճեցվում են մինչև բլաստոցիստի փուլը (5 օր)՝ արգանդի խոռոչ տեղափոխելու կամ կրիոպահպանելու համար։

Ո՞ւմ համար է նախատեսված։

  • Պացիենտների, որոնք նախկինում կրիոպահպանել են իրենց ձվաբջիջները՝ անձնական կամ բժշկական պատճառներով, օրինակ՝ քիմիաթերապիայից առաջ։
  • Դոնորական ձվաբջիջներ օգտագործող զույգերի․ դոնորական ձվաբջիջները սովորաբար պահվում են կրիոպահպանված վիճակում։
  • Նախորդ ԱՄԲ անհաջող փորձերից հետո։

Առավելությունները․ սեփական կրիոպահպանված ձվաբջիջներն օգտագործելիս ձվարանների կրկնակի խթանման և պունկցիայի անհրաժեշտություն չկա։ Էմբրիոնի տեղափոխումը հնարավոր է նախապես պլանավորել, իսկ դոնորական կենսանյութը հասանելի է՝ առանց ցիկլերի համաժամացմանը սպասելու։

Սահմանափակումները․ ձվաբջիջների մի մասը կարող է հալեցումից հետո չպահպանել կենսունակությունը։ Հալեցված ձվաբջիջների բեղմնավորման ունակությունը կարող է փոքր-ինչ ցածր լինել թարմ ձվաբջիջների համեմատ։

Դոնորական սերմնահեղուկի չափաբաժին

Հետազոտված անանուն դոնորից ստացված սերմնահեղուկի մեկ ստանդարտ չափաբաժին, որը կրիոպահպանվել է և անցել կարանտինային շրջան՝ սովորաբար 6 ամիս, վարակիչ հիվանդությունների կրկնակի հետազոտությունների համար։ Կենսանյութը պահվում է կրիոբանկում։

Ի՞նչ է ներառում։

  • Կրիոպահպանված սերմնահեղուկով մեկ հատուկ տարա՝ նախատեսված բեղմնավորման մեկ միջամտության համար՝ ԱՄԲ, ICSI կամ ներարգանդային ինսեմինացիա։
  • Հալեցումից հետո՝ մեկից մինչև մի քանի միլիոն շարժուն սերմնաբջիջ՝ կախված դոնորից և կիրառվող մեթոդից։
  • Որակի վկայական՝ սերմնաբջիջների շարժունակության, կառուցվածքային հատկանիշների և խտության տվյալներով։

Ե՞րբ է կիրառվում։

  • ԱՄԲ և ICSI ծրագրերում՝ պացիենտի կամ դոնորի ձվաբջիջները բեղմնավորելու համար։
  • Ներարգանդային ինսեմինացիայի դեպքում, երբ ԱՄԲ-ի ցուցումներ չկան։
  • Տղամարդու գործոնով պայմանավորված անպտղության՝ ազոոսպերմիայի կամ ծանր օլիգոաստենոզոոսպերմիայի դեպքում, նույնասեռ զույգերի և միայնակ կանանց համար, ինչպես նաև զուգընկերոջ հետ կապված գենետիկական ռիսկերի առկայության դեպքում։

Կարևոր է․ դոնորներն անցնում են պարտադիր բժշկական և գենետիկական հետազոտություններ ու հոգեբանական գնահատում։ Սերմնահեղուկը հավաստագրվում է FDA-ի կամ Ռոսզդրավնադզորի պահանջներին համապատասխան։

Առավելությունները․ կարանտինային շրջանն ու կրկնակի հետազոտությունները նվազեցնում են վարակների փոխանցման ռիսկը։ Հնարավոր է դոնոր ընտրել ըստ արտաքին հատկանիշների, կրթության, արյան խմբի և ռեզուս գործոնի՝ պահպանելով գաղտնիությունը։ Կենսանյութը կարելի է պատվիրել առցանց և առաքել կլինիկա։

Դոնորական ձվաբջիջ

Դոնորից ստացված մեկ ձվաբջիջ, որը սովորաբար պահվում է ձվաբջիջների կրիոբանկում։ Այն հալեցվում է և օգտագործվում ԱՄԲ ծրագրում՝ ICSI մեթոդով բեղմնավորման համար։

Առանձնահատկությունները։

  • Վճարը սովորաբար սահմանվում է մեկ հասուն ձվաբջջի համար՝ մեյոզի երկրորդ մետաֆազի (MII) փուլում։
  • Կլինիկաները հաճախ առաջարկում են 4–6 ձվաբջջից բաղկացած խումբ՝ առնվազն մեկ կենսունակ էմբրիոն ստանալու հնարավորությունը մեծացնելու համար, քանի որ ոչ բոլոր ձվաբջիջներն են պահպանում կենսունակությունը հալեցումից հետո կամ հաջողությամբ բեղմնավորվում։

Ինչպե՞ս է կիրառվում։

  • Ձվաբջիջը հալեցվում է ICSI միջամտության օրը։
  • Միաժամանակ հալեցվում է մեկ, երբեմն՝ մի քանի ձվաբջիջ։
  • Բեղմնավորումն իրականացվում է զուգընկերոջ կամ դոնորի սերմնաբջիջներով։
  • Ստացված էմբրիոնը տեղափոխվում է պացիենտի արգանդի խոռոչ։

Ո՞ւմ համար է նախատեսված․ այն պացիենտների, որոնց դեպքում սեփական ձվաբջիջների օգտագործումը հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ, օրինակ՝ ձվարանների վաղաժամ անբավարարության, ԱՄՀ-ի ցածր մակարդակի, գենետիկական հիվանդությունների կամ ԱՄԲ բազմակի անհաջող փորձերի դեպքում։ Մեկ կամ երկու ձվաբջջի օգտագործումը կարող է դիտարկվել որպես ավելի մատչելի տարբերակ։ Մեկ ձվաբջիջը տալիս է բեղմնավորման մեկ հնարավորություն․ էմբրիոն չստանալու դեպքում վճարը չի վերադարձվում։

Առավելությունները․ ավելի մատչելի և արագ տարբերակ է, քան դոնորի խթանումն ու պունկցիան ներառող ամբողջական ծրագիրը։

Սահմանափակումները․ համապատասխան որակի էմբրիոն չստանալու ռիսկ կա, քանի որ հալեցումից հետո կենսունակության պահպանումն ու բեղմնավորումը երաշխավորված չեն։

Անհատական դոնոր (10-15 ձվաբջիջ)

Անհատական դոնորի մասնակցությամբ ամբողջական ծրագիր՝ նախատեսված կոնկրետ պացիենտի համար։ Դոնորն անցնում է ձվարանների հորմոնալ խթանման ամբողջական ցիկլ և ֆոլիկուլների պունկցիա։ Ստացված բոլոր ձվաբջիջները՝ սովորաբար 10–15, տրամադրվում են տվյալ պացիենտի բուժման ծրագրի համար։

Ի՞նչ է ներառում։

  1. Դոնորի ընտրություն և հետազոտում․ բժշկական ու գենետիկական հետազոտություններ, հոգեբանական գնահատում, ինչպես նաև վարակների ստուգում՝ ներառյալ ՄԻԱՎ-ը, հեպատիտները, սիֆիլիսը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակները։ Դոնորը պետք է լինի առողջ, 20–32 տարեկան և սովորաբար մնում է անանուն։
  2. Ձվարանների խթանում․ ինչպես դասական ԱՄԲ ծրագրում, դոնորը ստանում է հորմոնալ դեղամիջոցներ՝ բազմաթիվ ֆոլիկուլների հասունացման համար։
  3. Ձվաբջիջների ստացում․ ֆոլիկուլների պունկցիան կատարվում է սեդացիայով կամ ընդհանուր անզգայացմամբ։ Սովորաբար ստացվում է 10–15 հասուն ձվաբջիջ։
  4. Դոնորի փոխհատուցում․ հատուցվում են ծախսված ժամանակը, անհարմարությունները և միջամտության հետ կապված ռիսկերը։ Փոխհատուցումը սովորաբար կազմում է 2 000–5 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք գումար այլ արժույթով։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների պաշարի սպառման, գենետիկական հիվանդությունների կամ ԱՄԲ կրկնվող անհաջող փորձերի դեպքում, ինչպես նաև նույնասեռ զույգերի համար։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ հետազոտված դոնորից ստանալ ավելի մեծ թվով ձվաբջիջներ։

Առավելությունները․ ստացվում է ավելի մեծ թվով թարմ ձվաբջիջ՝ սովորաբար 10–15՝ կրիոբանկից տրամադրվող 4–6-ի փոխարեն։ Հնարավոր է միաժամանակ բեղմնավորել մի քանի ձվաբջիջ և էմբրիոններ կրիոպահպանել նաև հետագա օգտագործման համար։ Ձվաբջիջների հալեցման փուլ չի պահանջվում։

Սահմանափակումները․ ծրագիրն ավելի ծախսատար է, քան կրիոպահպանված ձվաբջիջների օգտագործումը։ Անհրաժեշտ են դոնորի մասնակցությունը և ցիկլերի համապատասխանեցումը։ Դոնորի արձագանքը խթանմանը կարող է սպասվածից թույլ լինել։ Պետք է հաշվի առնել էթիկական հարցերը և լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ պայմանագիրն ու տեղեկացված համաձայնությունը։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Կրիոտրանսֆեր

Կրիոպահպանված էմբրիոնների տեղափոխում (կրիոտրանսֆեր)
Էմբրիոնների հալեցում և տեղափոխում արգանդի խոռոչ

Էմբրիոնների հալեցումն ու արգանդի խոռոչ տեղափոխումը (կրիոտրանսֆեր) նախապես սառեցված էմբրիոնների (սովորաբար բլաստոցիստի փուլում, զարգացման 5–6-րդ օրը) փոխանցման միջամտություն է պացիենտի արգանդի խոռոչ՝ բնական կամ փոխարինող հորմոնալ ցիկլի պայմաններում։

Ինչպե՞ս է իրականացվում։

  1. Էնդոմետրիումի պատրաստում — պացիենտն անցնում է արգանդի պատրաստման ցիկլ՝ կա՛մ բնական ցիկլով (օվուլյացիայի հետևում), կա՛մ փոխարինող հորմոնալ թերապիայով (էստրոգեն + պրոգեստերոն)՝ «իմպլանտացիոն պատուհան» ստեղծելու համար։
  2. Էմբրիոնների հալեցում — բժշկի նշանակած օրը (սովորաբար ցիկլի 19-21-րդ օրը, օվուլյացիայից կամ պրոգեստերոնի ընդունումը սկսելուց 5-6 օր հետո) էմբրիոնները հալեցվում են լաբորատորիայում։ Որակյալ բլաստոցիստների գոյատևման ցուցանիշը կազմում է 95–98%։
  3. Կենսունակության գնահատում — սաղմնաբանը գնահատում է բջիջների ամբողջականությունը և բլաստոցիստի խոռոչի ընդլայնման աստիճանը հալեցումից հետո։ Վնասված էմբրիոնները չեն տեղափոխվում։
  4. Էմբրիոնի տեղափոխում — մեկ կամ երկու լավագույն էմբրիոնները տեղադրվում են փափուկ կաթետրի մեջ և ՈւՁՀ հսկողության ներքո արգանդի վզիկի ջրանցքով ներմուծվում արգանդի խոռոչ։ Միջամտությունը ցավազուրկ է, տևում է 5–10 րոպե։

Ո՞ւմ համար է նախատեսված։

  • Նախորդ ԱՄԲ արձանագրությունից (թարմ կամ սառեցված ցիկլ) հետո կրիոպահպանված էմբրիոններ ունեցող պացիենտներ։
  • Նրանք, որոնց թարմ տեղափոխումը հակացուցված է (գերխթանման ռիսկ, բարձր պրոգեստերոն, բարակ էնդոմետրիում, բորբոքում)։
  • Փոխնակ մայրության և ձվաբջիջների դոնորության ծրագրերում (էմբրիոններն արդեն պատրաստ են)։
  • PGT-ի անհրաժեշտության դեպքում (էմբրիոնները նախ սառեցվում են, ապա հալեցվում թեստի արդյունքները ստանալուց հետո)։

Առավելությունները։

  • Էնդոմետրիումը չի ենթարկվում խթանման բարձր դեղաչափերի ազդեցությանը (ավելի ֆիզիոլոգիական է)։
  • Ձվարանների գերխթանման համախտանիշի (ՁԳՀ) ռիսկ չկա։
  • Գերազանց գոյատևում ժամանակակից վիտրիֆիկացիայի մեթոդների դեպքում։
  • Հղիության ցուցանիշը կրիոտրանսֆերի դեպքում համադրելի է կամ նույնիսկ ավելի բարձր, քան թարմ տեղափոխման դեպքում (ըստ որոշ տվյալների)։
  • Տեղափոխումը կարելի է պլանավորել հարմար ժամանակ (հետաձգված մայրություն)։

Սահմանափակումները։

  • Պահանջվում է լրացուցիչ հորմոնալ պատրաստություն (փոխարինող ցիկլի դեպքում)։
  • Էմբրիոնների մի փոքր մասը կարող է չգոյատևել հալեցումից հետո (2–5% բլաստոցիստների համար, ավելի շատ՝ վաղ փուլերի էմբրիոնների համար (2-3-րդ օր))։
  • Միջամտության արժեքը (վճարվում է հալեցումը + տեղափոխումը)։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Օժանդակ մեթոդներ

Օժանդակ մեթոդներ տղամարդկանց և կանանց համար
Ամորձու բիոպսիա

Վիրահատական միջամտություն, որը կատարվում է ազոոսպերմիայով (էյակուլյատում սերմնաբջիջների բացակայություն) տղամարդկանց մոտ՝ սերմնաբջիջներ անմիջականորեն ամորձու հյուսվածքից ստանալու համար։ Ստացված նյութը կրիոպահպանվում է ԱՄԲ-ում (ICSI) հետագա օգտագործման համար։

Ինչպե՞ս է իրականացվում։

  1. Անզգայացում — միջամտությունը կատարվում է ներերակային սեդացիայի, տեղային անզգայացման կամ ընդհանուր անզգայացման պայմաններում (կախված միջամտության ծավալից և կլինիկայից)։
  2. Սերմնաբջիջների ստացում — ամորձու փոքր կտրվածքի միջոցով կամ մաշկի միջով անցկացվող պունկցիոն ասեղով վերցվում է ամորձու հյուսվածքի նմուշ։ Կիրառվող մեթոդները։
  • TESA (մաշկի միջով ասպիրացիա) — ասեղով պունկցիա։
  • TESE (բաց բիոպսիա) — կտրվածք և սերմնատար խողովակներից հյուսվածքի նմուշառում։
  • Micro-TESE (միկրովիրաբուժական) — մանրադիտակի խոշորացմամբ հայտնաբերվում են կենսունակ սերմնաբջիջներ պարունակող հատվածները։
  1. Կրիոպահպանում — հայտնաբերված սերմնաբջիջները լաբորատորիայում առանձնացվում են, սառեցվում վիտրիֆիկացիայի մեթոդով և տեղադրվում կրիոպահեստում։
  2. Պահպանում 6 ամիս — ստանդարտ նախնական պահպանման ժամկետ (երկարացվում է վճարովի)։

Ո՞ւմ համար է նախատեսված․ օբստրուկտիվ կամ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց, սերմնահեղուկից սերմնաբջիջներ ստանալու անհաջող փորձերից հետո, սերմնածորանների բնածին բացակայության դեպքում, վազէկտոմիայից հետո (երբ վերականգնումը հնարավոր չէ), անէյակուլյացիայի դեպքում։

Առավելությունները․ ազոոսպերմիա ունեցող տղամարդկանց համար կենսաբանական հայրության հնարավորություն։ Ստացված կենսանյութը կարող է կրիոպահպանվել հետագա օգտագործման համար, իսկ մեկ միջամտությամբ ստացված սերմնաբջիջները՝ օգտագործվել ԱՄԲ մի քանի փորձերում։

Սահմանափակումները․ վիրահատական միջամտություն, հետվիրահատական ցավ, այտուցի, հեմատոմայի, վարակի և սպիացման ռիսկեր, ինչպես նաև հետագայում տեստոստերոնի մակարդակի նվազման հնարավորություն։ Սերմնաբջիջներ կարող են չհայտնաբերվել, հատկապես ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի դեպքում։ Բեղմնավորման համար կիրառվում է ICSI մեթոդը։

Էնդոմետրիումի PRP-թերապիա

Էնդոմետրիումի PRP-թերապիան պացիենտի սեփական արյունից ստացված՝ թրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներմուծումն է արգանդի խոռոչ։ Մեթոդն ուսումնասիրվում է որպես էնդոմետրիումի վիճակը բարելավելու լրացուցիչ մոտեցում։ Պայպել-բիոպսիան էնդոմետրիումի հյուսվածքի նմուշառման առանձին միջամտություն է և PRP ստանալու միջոց չէ։

Ինչպե՞ս է իրականացվում։

  1. Նախնական գնահատում․ բժիշկը գնահատում է էնդոմետրիումի վիճակը և քննարկում լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը։ Ցուցումների դեպքում պայպել-բիոպսիայով վերցվում է հյուսվածքի նմուշ։
  2. PRP-ի պատրաստում․ պացիենտից վերցվում է արյուն, որը ցենտրիֆուգվում է՝ թրոմբոցիտներով հարստացված պլազման առանձնացնելու համար։
  3. PRP-ի ներմուծում․ պատրաստված պլազման բարակ կաթետրի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ։ Ժամկետներն ու կիրառման պայմանները որոշվում են անհատապես։

Ե՞րբ է քննարկվում․ բարակ կամ բուժմանը չարձագանքող էնդոմետրիումի և իմպլանտացիայի կրկնվող անհաջողությունների դեպքում։ Այս իրավիճակներում մեթոդի՝ երեխայի ծննդի հավանականությունը բարձրացնելու արդյունավետությունը հաստատող բավարար ապացույցներ դեռ չկան։

Առանձնահատկությունները․ օգտագործվում է պացիենտի սեփական պլազման։ Դա չի նշանակում, որ միջամտությունն ամբողջությամբ անվտանգ է կամ երաշխավորում է արդյունք։

Սահմանափակումները․ արդյունավետության և անվտանգության վերաբերյալ տվյալները սահմանափակ են։ Հնարավոր են վարակ, արյունահոսություն և միջամտության հետ կապված այլ բարդություններ։ Կիրառելուց առաջ բժշկի հետ պետք է քննարկել ակնկալվող օգուտները, ռիսկերը և ծախսերը։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Էմբրիոնների գենետիկական
թեստավորում

Էմբրիոնների գենետիկական հետազոտություն
Էմբրիոնի նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT)

Նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորումը (PGT) էմբրիոնի որոշակի գենետիկական կամ քրոմոսոմային փոփոխությունների հետազոտությունն է՝ մինչև այն արգանդի խոռոչ տեղափոխելը։ Այն ներառում է բլաստոցիստի փուլում բջիջների նմուշառում և գենետիկական վերլուծություն։

Ընթացքի փուլերը։

  1. Բիոպսիայի նախապատրաստում․ էմբրիոնի արտաքին թաղանթում լազերով փոքր բացվածք է ստեղծվում՝ բջիջների նմուշառումը հնարավոր դարձնելու համար։
  2. Բջիջների նմուշառում․ հատուկ միկրոպիպետով վերցվում են տրոֆէկտոդերմայի՝ հետագայում ընկերքի ձևավորմանը մասնակցող արտաքին բջջային շերտի մի քանի բջիջներ։ Ներքին բջջային զանգվածից նմուշ չի վերցվում, սակայն էմբրիոնի վնասման ռիսկը լիովին բացառել հնարավոր չէ։
  3. Գենետիկական թեստավորում․ նմուշն ուղարկվում է գենետիկական լաբորատորիա։ Հետազոտության տեսակը որոշվում է բժշկական ցուցումների հիման վրա։
  • PGT-A․ քրոմոսոմների թվային փոփոխությունների՝ անեուպլոիդիաների հայտնաբերում։
  • PGT-M․ կոնկրետ մոնոգեն հիվանդության հետ կապված գենետիկական փոփոխությունների հետազոտություն, օրինակ՝ կիստիկ ֆիբրոզի, ֆենիլկետոնուրիայի կամ հեմոֆիլիայի դեպքում։
  • PGT-SR․ քրոմոսոմների կառուցվածքային վերադասավորումների հետ կապված անհավասարակշռությունների հետազոտություն, օրինակ՝ տրանսլոկացիաների կրողների դեպքում։

Արդյունքներ և կրիոպահպանում․ բիոպսիայից հետո էմբրիոնները սովորաբար կրիոպահպանվում են։ Արդյունքների ստացումը կարող է տևել 1–4 շաբաթ։ Դրանք քննարկվում են մասնագետի հետ, որից հետո պլանավորվում է համապատասխան էմբրիոնի տեղափոխումը։

Ո՞ւմ համար է նախատեսված․ PGT-M-ը և PGT-SR-ը քննարկվում են ժառանգական հիվանդության կամ քրոմոսոմային վերադասավորումների ռիսկի դեպքում։ PGT-A-ի կիրառման նպատակահարմարությունը գնահատվում է անհատապես՝ հաշվի առնելով տարիքը, վերարտադրողական պատմությունը և հետազոտության սահմանափակումները։

Հնարավոր օգուտները․ թեստավորումը կարող է օգնել ընտրել այն էմբրիոնները, որոնցում հետազոտվող փոփոխությունը չի հայտնաբերվել։ PGT-ն չի բացառում բոլոր գենետիկական հիվանդությունները և չի երաշխավորում հղիություն կամ առողջ երեխայի ծնունդ։

Սահմանափակումները․ լրացուցիչ ծախսեր, ոչ միանշանակ կամ սխալ արդյունքի հնարավորություն, մոզաիկիզմի մեկնաբանման դժվարություններ և բիոպսիայի ու կրիոպահպանման հետ կապված ռիսկեր։ PGT-A-ն պացիենտների մեծ մասի համար չի մեծացնում երեխա ունենալու ընդհանուր հավանականությունը։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Կրիոպահպանում (սառեցում և պահեստավորում)

Ձվաբջիջների
կրիոպահպանում

Բնական ցիկլ

Ձվաբջջի ստացում՝ առանց ձվարանների հորմոնալ խթանման։ Բնական ցիկլում սովորաբար հասունանում է մեկ դոմինանտ ֆոլիկուլ, որից պունկցիայի միջոցով ստացվում է ձվաբջիջը։ Այն կրիոպահպանվում է վիտրիֆիկացիայի մեթոդով և պահվում 6 ամիս։

Ինչպե՞ս է իրականացվում։

  • Ֆոլիկուլի աճը վերահսկվում է ուլտրաձայնային հետազոտությամբ և լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) ու էստրադիոլի մակարդակների որոշմամբ։
  • Բժշկի որոշած ժամկետում կատարվում է ֆոլիկուլի պունկցիա՝ սեդացիայով։
  • Ստացված ձվաբջջի հասունությունը գնահատվում է, որից հետո այն կրիոպահպանվում է։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների լավ պաշար ունեցող երիտասարդ կանանց, որոնք ցանկանում են հետաձգել մայրությունը, ինչպես նաև հորմոնալ խթանման հակացուցումներ ունեցող պացիենտների համար։ Ուռուցքաբանական բուժումից առաջ ձվաբջիջների պահպանման հնարավորությունն ու ժամկետները գնահատվում են անհատապես։

Առավելությունները․ ձվարանների խթանման հետ կապված հորմոնալ ծանրաբեռնվածություն չկա, իսկ մեկ ցիկլի ծախսերը կարող են ավելի ցածր լինել։

Սահմանափակումները․ սովորաբար ստացվում է միայն մեկ ձվաբջիջ, ուստի հետագա օգտագործման համար ձվաբջիջների պաշար ստեղծելու նպատակով կարող է պահանջվել մի քանի ցիկլ։

Նվազագույն խթանում

Ձվարանների մեղմ խթանման ծրագիր, որի ընթացքում կիրառվում են կլոմիֆեն կամ լետրոզոլ և գոնադոտրոպինների ցածր դեղաչափեր՝ 2–6 ֆոլիկուլների հասունացման համար։ Ստացված ձվաբջիջները կրիոպահպանվում են։

Ինչպե՞ս է իրականացվում։

  • Դեղորայքային խթանման կարճատև կուրս՝ 5–9 օր, սահմանափակ թվով ներարկումներով։
  • Ֆոլիկուլների աճի ուլտրաձայնային վերահսկում։
  • Ֆոլիկուլների պունկցիա․ սովորաբար ստացվում է 3–6 ձվաբջիջ։
  • Ձվաբջիջների վիտրիֆիկացիա և կրիոպահպանում։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ձվարանների նվազած պաշար և ԱՄՀ-ի ցածր մակարդակ ունեցող կանանց, 38 տարեկանից հետո, լիարժեք խթանման անհաջող փորձերից հետո, ինչպես նաև հորմոնալ ծանրաբեռնվածությունը նվազեցնել ցանկացողների համար։

Առավելությունները․ բնական ցիկլի համեմատ ստացվում է ավելի շատ ձվաբջիջ։ Լիարժեք խթանման համեմատ գերխթանման ռիսկն ու ծախսերն ավելի ցածր են։

Սահմանափակումները․ լիարժեք խթանման համեմատ ստացվում է ավելի քիչ ձվաբջիջ, և անհրաժեշտ պաշար ստեղծելու համար կարող է պահանջվել 2–3 ցիկլ։

Ձվարանների խթանում

Ձվարանների լիարժեք հորմոնալ խթանում՝ մեկ ցիկլում ավելի մեծ թվով ձվաբջիջներ ստանալու և կրիոպահպանելու համար։ Հաճախ ստացվում է 8–20 ձվաբջիջ։ Մեթոդը կիրառվում է նաև անձնական պատճառներով պտղաբերության պահպանման նպատակով։

Ինչպե՞ս է իրականացվում։

  • Խթանման կուրս՝ 10–14 օր, գոնադոտրոպինների և GnRH ագոնիստների կամ անտագոնիստների կիրառմամբ։
  • Ֆոլիկուլների պունկցիա՝ անզգայացմամբ։
  • Ստացված հասուն ձվաբջիջների կրիոպահպանում․ դրանց թիվը կարող է լինել 6-ից մինչև 20 և ավելի։

Ո՞ւմ համար է նախատեսված․ մինչև 35–37 տարեկան, ձվարանների լավ պաշար ունեցող կանանց, որոնք ցանկանում են հետաձգել հղիությունը, ինչպես նաև ձվաբջիջների դոնորության ծրագրերում։ Ուռուցքաբանական բուժումից առաջ կիրառման հնարավորությունը կախված է հասանելի ժամանակից և բժշկական գնահատումից։

Առավելությունները․ մեկ ցիկլում ստացվում է ավելի մեծ թվով ձվաբջիջ, ինչը կարող է նվազեցնել լրացուցիչ ցիկլերի անհրաժեշտությունը։ Մոտեցումը կարող է տնտեսապես նպատակահարմար լինել, երբ անհրաժեշտ է ձվաբջիջների ավելի մեծ պաշար։

Սահմանափակումները․ գերխթանման ռիսկ, հորմոնալ ծանրաբեռնվածություն և ավելի բարձր ծախսեր։ ԱՄՀ-ի ցածր մակարդակի դեպքում սպասվող արձագանքն ու ծրագրի նպատակահարմարությունը գնահատվում են անհատապես։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Սերմնահեղուկի և ամորձու
հյուսվածքի կրիոպահպանում

Սերմնահեղուկի կամ ամորձու հյուսվածքի կրիոպահպանում

Տղամարդու վերարտադրողական կենսանյութի՝ սերմնահեղուկի կամ TESA/TESE միջամտությամբ ստացված ամորձու հյուսվածքի կրիոպահպանում։ Կենսանյութը պահվում է հեղուկ ազոտում։ Սկզբնական պահպանման ժամկետը 6 ամիս է։

Ինչպե՞ս է իրականացվում։

  • Սերմնահեղուկ․ ստացված նմուշին ավելացվում է կրիոպաշտպանիչ նյութ, որից հետո այն սառեցվում է համապատասխան լաբորատոր մեթոդով։
  • Ամորձու հյուսվածք․ բիոպսիայից հետո լաբորատորիայում առանձնացվում են սերմնաբջիջները կամ սերմնատար խողովակների հատվածները և կրիոպահպանվում։

Ո՞ւմ համար է նախատեսված․ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում կամ վազէկտոմիա նախատեսող տղամարդկանց, սերմնահեղուկի որակի աստիճանական վատացման դեպքում, սերմնահեղուկի դոնորների, ինչպես նաև ազոոսպերմիա ունեցող տղամարդկանց համար՝ բիոպսիայով սերմնաբջիջներ ստանալուց հետո։

Առավելությունները․ հնարավոր է կենսանյութը պահպանել հետագա օգտագործման համար և անհրաժեշտության դեպքում հալեցնել առանձին չափաբաժիններ։

Սահմանափակումները․ սերմնաբջիջների մի մասը կարող է չպահպանել կենսունակությունը սառեցումից և հալեցումից հետո, հատկապես եթե սկզբնական որակի ցուցանիշները ցածր են։ Արդյունքը կախված է նաև կենսանյութի՝ սառեցմանը դիմակայելու ունակությունից։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Էմբրիոնների
կրիոպահպանում

Մինչև վեց էմբրիոն

Մինչև վեց էմբրիոնի սառեցում և երկարաժամկետ կրիոպահպանում՝ մեկ կամ մի քանի հատուկ տարաներում։ Էմբրիոնները սովորաբար կրիոպահպանվում են բլաստոցիստի փուլում՝ զարգացման 5–6-րդ օրը։ Գործում է փաթեթային սակագին՝ նշված քանակի համար։

Առանձնահատկությունները։

  • Մինչև վեց էմբրիոնի պահպանման համար նախատեսված է միասնական սակագին։ Կրիոտրանսֆերի արժեքում ներառված ծառայությունները ճշտվում են ծրագրի պայմաններով։
  • Էմբրիոնները կարող են պահվել միասին կամ առանձին՝ ըստ լաբորատորիայի կիրառվող կարգի։

Ո՞ւմ համար է նախատեսված․ ԱՄԲ կամ դոնորական ծրագրից հետո մինչև վեց կրիոպահպանման ենթակա էմբրիոն ունեցող զույգերի համար։

Առավելությունները․ միասնական սակագին՝ առանց յուրաքանչյուր էմբրիոնի համար առանձին վճարի։ Կրիոպահպանված էմբրիոնները հնարավոր է օգտագործել հետագա տեղափոխումների համար։

Սահմանափակումը․ վեցից ավելի էմբրիոնների պահպանման դեպքում կիրառվում է հաջորդ սակագինը։

Յոթ և ավելի էմբրիոն

Յոթ և ավելի էմբրիոնների կրիոպահպանման սակագին։ Յուրաքանչյուր էմբրիոն պահվում է առանձին նշագրված տարայում կամ առանձին բաժանմունքում՝ անհատական նույնականացմամբ։ Տարբերակը կիրառվում է, երբ խթանման կամ դոնորական ծրագրի արդյունքում ստացվել է ավելի մեծ թվով էմբրիոն։

Առանձնահատկությունները։

  • Վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր էմբրիոնի համար կամ միասնական՝ մինչև վեց էմբրիոնի փաթեթից ավելի բարձր սակագնով։
  • Անհատական հաշվառումը հնարավորություն է տալիս հալեցնել միայն ընտրված էմբրիոնը՝ մյուսները պահպանելով սառեցված վիճակում։

Ո՞ւմ համար է նախատեսված․ յոթ և ավելի էմբրիոն ստացած պացիենտների համար, այդ թվում՝ ձվարանների պոլիկիստոզի, դոնորական կամ փոխնակ մայրության ծրագրերի դեպքում։

Առավելությունները․ էմբրիոնների անհատական նույնականացում և ընտրովի հալեցման հնարավորություն։

Սահմանափակումը․ երկարաժամկետ պահպանման ծախսերը կարող են ավելի բարձր լինել՝ կախված էմբրիոնների թվից և կիրառվող սակագնից։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Կարճաժամկետ
կրիոպահպանում

Մեկ ամիս

Վերարտադրողական կենսանյութի և էմբրիոնների կարճաժամկետ կրիոպահպանում՝ ամսական վճարմամբ։ Ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են վճարել յուրաքանչյուր ամսվա համար առանձին՝ միանգամից վեց ամսվա փոխարեն։

Առանձնահատկությունները։

  • Հնարավոր է պահպանել սերմնահեղուկ, ամորձու հյուսվածք, ձվաբջիջներ և էմբրիոններ։
  • Նվազագույն ժամկետը մեկ ամիս է՝ երկարաձգման հնարավորությամբ։
  • Հարմար է ժամանակավոր պահպանման համար, օրինակ՝ մինչև հաջորդ ցիկլում էնդոմետրիումի նախապատրաստումն ու էմբրիոնի տեղափոխումը։

Ո՞ւմ համար է նախատեսված․ էմբրիոնի տեղափոխումից առաջ 1–2 ամիս սպասելու անհրաժեշտություն ունեցող զույգերի, կարանտինային շրջանում դոնորական սերմնահեղուկի պահպանման, ինչպես նաև մեկնելուց առաջ կենսանյութի ժամանակավոր պահպանման համար։

Առավելությունները․ վեց ամսվա կանխավճար չի պահանջվում, և սկզբնական ծախսն ավելի փոքր է։

Սահմանափակումները․ երկարաժամկետ պահպանման դեպքում ամսական վճարումը կարող է ավելի թանկ լինել, քան վեցամսյա փաթեթը։ Կարևոր է ժամանակին երկարաձգել պահպանման պայմանագիրը և նախապես ծանոթանալ ժամկետը լրանալուց հետո կենսանյութի պահպանման պայմաններին։

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

ԱՄԲ ծրագրերի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

ԱՄԲ ի՞նչ ծրագրեր են հասանելի Mia Baby-ում, և ինչպե՞ս ընտրել համապատասխան ծրագիրը։
Mia Baby-ում առաջարկում ենք ԱՄԲ ծրագրեր՝ ICSI մեթոդով կամ առանց դրա, դոնորական կենսանյութի կիրառմամբ ծրագրեր և կրիոպահպանված էմբրիոնների տեղափոխում։ Համապատասխան ցուցումների դեպքում իրականացվում է նաև նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT)։ Ծրագիրն ընտրվում է բժշկի և պացիենտի համատեղ քննարկմամբ։ Առաջին խորհրդատվության ընթացքում վերարտադրաբանը գնահատում է ձեր առողջական վիճակը, ուսումնասիրում հետազոտությունների արդյունքները և առաջարկում ձեր կարիքներին համապատասխան բուժման մոտեցում։
Ինչպե՞ս է կազմվում անհատական բուժման ծրագիրը Mia Baby-ում։
Բուժման ծրագիրը կազմվում է անհատապես՝ հաշվի առնելով ձեր հետազոտությունների արդյունքները, տարիքը, բժշկական պատմությունը, ինչպես նաև անձնական նախընտրությունները, ժամանակացույցը և հոգեբանական պատրաստվածությունը։ Բժիշկն ու ձեր կոորդինատորը ձեզ հետ մանրամասն քննարկում են յուրաքանչյուր փուլը՝ խթանման նախապատրաստումից մինչև էմբրիոնի տեղափոխումը։
Ինչպե՞ս է կազմակերպվում ուղեկցումը ձվարանների խթանման և վերահսկման ընթացքում։
Այս փուլում ձեզ տրամադրվում է միջամտությունների և այցելությունների հստակ ժամանակացույց։ Ձվարանների արձագանքը գնահատվում է ուլտրաձայնային հետազոտություններով, և անհրաժեշտության դեպքում բժիշկը ճշգրտում է խթանման սխեման։ Ձեր անձնական կոորդինատորը կապի մեջ է՝ այցելությունների մասին հիշեցնելու, կազմակերպչական հարցերին պատասխանելու և ձեզ աջակցելու համար։
Ի՞նչ է տեղի ունենում էմբրիոնի տեղափոխումից հետո, և ո՞վ է աջակցում սպասման շրջանում։
Էմբրիոնի տեղափոխումից հետո բժիշկը նշանակում է անհրաժեշտ դեղորայքային աջակցությունը և տրամադրում հետագա քայլերի ցուցումները։ Անհանգստությունը հաղթահարելու համար կարող եք դիմել նաև մեր հոգեբանի խորհրդատվությանը։ Կոորդինատորը հիշեցնում է β-hCG արյան հետազոտության և հետագա ուլտրաձայնային հետազոտության նշանակված ժամկետները և օգնում կազմակերպչական հարցերում։
Ի՞նչ է կրիոտրանսֆերը, և ե՞րբ է այն առաջարկվում։
Կրիոտրանսֆերը նախկինում կրիոպահպանված էմբրիոնի հալեցումն ու տեղափոխումն է արգանդի խոռոչ։ Այն կարող է առաջարկվել, եթե թարմ ցիկլում տեղափոխումը հետաձգվել է ձվարանների գերխթանման համախտանիշի (ՁԳՀ) ռիսկի պատճառով, անհրաժեշտ է սպասել հետազոտությունների արդյունքներին կամ նախապատրաստել էնդոմետրիումը։ Կրիոպահպանված էմբրիոնների օգտագործումը թույլ է տալիս տեղափոխումը պլանավորել առանձին ցիկլում՝ առանց ձվարանների կրկնակի խթանման և պունկցիայի։ Բժիշկը ձեզ հետ կքննարկի ծրագրի առավելություններն ու սահմանափակումները։
Ի՞նչ անել, եթե առաջին ԱՄԲ փորձից հետո հղիություն չի գրանցվել։
Եթե հղիություն չի գրանցվել, բուժող բժիշկը և սաղմնաբանը, անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետների մասնակցությամբ, վերլուծում են ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Գնահատվում են ձվարանների արձագանքը, էմբրիոնների որակը և տեղափոխման առանձնահատկությունները։ Այդ տվյալների հիման վրա ձեզ հետ քննարկվում են հետագա քայլերը և բուժման ծրագրի հնարավոր փոփոխությունները։ Մեր թիմը շարունակում է մասնագիտական ու հոգատար աջակցությունը նաև այս փուլում։

ԱՄԲ ծրագրերը Mia Baby կլինիկայում․ պայմաններ, արժեք և առանձնահատկություններ

Mia Baby կլինիկայում յուրաքանչյուր պացիենտի համար մշակում ենք անհատական բուժման ծրագիր՝ հաշվի առնելով առողջական վիճակը, հետազոտությունների արդյունքները և վերարտադրողական նպատակները։ Մեր թիմը մասնագիտական ու հոգատար աջակցություն է ցուցաբերում ծնող դառնալու ձեր ճանապարհին։

Կարդալ ավելին

Mia Baby վերարտադրողական կլինիկայում մենք ստեղծում ենք անհատական ԱՄԲ ծրագրեր, որոնք համապատասխանում են ամենաժամանակակից համաշխարհային չափանիշներին։ Մեր մոտեցումը հիմնված է յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական ուշադրության, առաջատար տեխնոլոգիաների օգտագործման և բուժման բոլոր փուլերում առավելագույն հարմարավետության ապահովման վրա։


ԱՄԲ ծրագրերի իրականացման պայմանները։

  1. Անհատական բուժման ծրագիր
    Յուրաքանչյուր բուժման ծրագիր մշակվում է՝ հաշվի առնելով բժշկական ցուցումները, պացիենտի տարիքը և նրա վերարտադրողական նպատակները։ Ծրագիրը ներառում է՝ ախտորոշում, ձվարանների խթանում, պունկցիա, բեղմնավորում, էմբրիոնների աճեցում և տեղափոխում։

  2. Աջակցություն բոլոր փուլերում
    ձեր անձնական կոորդինատորը ուղեկցում է ձեզ առաջին խորհրդատվությունից մինչև հղիության հաստատումը։ Մենք օգնում ենք կազմակերպել ծրագրի բոլոր փուլերը, ներառյալ հետազոտությունները, մասնագետների խորհրդատվությունների գրանցումը և ցիկլի վերահսկումը։

  3. Հարմարավետություն այլ քաղաքներից և երկրներից ժամանած պացիենտների համար
    Այլ քաղաքներից և երկրներից ժամանած պացիենտների համար մենք կազմակերպում ենք տեղափոխումը, օգնում կացարանի ընտրության հարցում և կազմում ենք այցելությունների հարմար ժամանակացույց՝ նվազագույնի հասցնելու կլինիկայում գտնվելու ժամանակը՝ պահպանելով բուժման որակը։

ԱՄԲ ծրագրերի գները։

Ծրագրի արժեքը կախված է ընտրված արձանագրությունից և լրացուցիչ ծառայություններից։ Մենք առաջարկում ենք թափանցիկ գնագոյացում՝ առանց թաքնված վճարումների։

  1. ԱՄԲ-ի հիմնական փաթեթ
    Ներառում է ստանդարտ արձանագրության բոլոր փուլերը՝ խթանում, պունկցիա, լաբորատոր բեղմնավորում՝ դասական եղանակով կամ ICSI մեթոդով, էմբրիոնների աճեցում և տեղափոխում։

  2. Ընդլայնված ծրագրեր

    • ԱՄԲ PGT-ով (նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում)

    • Դոնորական ձվաբջիջներով կամ սերմնահեղուկով ծրագրեր

    • Կրիոտրանսֆերի ծրագրեր (վիտրիֆիկացված էմբրիոնների օգտագործում)

    • Փոխնակ մայրություն (լիարժեք իրավաբանական և բժշկական ուղեկցում)

  3. Լրացուցիչ ծառայություններ

    • Կենսանյութերի սառեցում և կրիոպահպանում

    • Օժանդակ հեչինգ

    • EmbryoScope տեխնոլոգիայի օգտագործում էմբրիոնների զարգացման շարունակական վերահսկման համար

Ծրագրի ճշգրիտ արժեքը հաշվարկվում է վերարտադրաբանի խորհրդատվությունից և անհատական բուժման ծրագրի կազմումից հետո։

Mia Baby-ում ԱՄԲ ծրագրերի առանձնահատկությունները։

  1. Լաբորատորիայի բարձր չափանիշներ
    Մեր սաղմնաբանական լաբորատորիան հագեցած է նորագույն սերնդի սարքավորումներով (լազերային հեչինգ, էմբրիոնների վիդեոդիտարկման համակարգ), որոնք հնարավորություն են տալիս վերահսկել էմբրիոնների զարգացման պայմանները։

  2. Նորարարական տեխնոլոգիաներ
    Մենք կիրառում ենք։

    • PGT՝ էմբրիոնների որոշակի գենետիկական և քրոմոսոմային փոփոխությունների հետազոտման համար

    • Վիտրիֆիկացիա՝ կենսանյութերը նվազագույն վնասման ռիսկով պահպանելու համար

    • MACS տեխնոլոգիա՝ ամենակենսունակ սերմնաբջիջների ընտրության համար

  3. Կենսանյութերի փոխադրման ծառայություն
    Մենք կազմակերպում ենք սերմնահեղուկի, ձվաբջիջների և էմբրիոնների փոխադրումը՝ օգտագործելով Dry Shipper կրիոտարաներ և մասնագիտացված առաքման ծառայություն։

  4. Հոգեբանական աջակցություն
    Ծրագրում ներառված են վերարտադրողական հարցերով մասնագիտացած կլինիկական հոգեբանի խորհրդատվությունները՝ օգնելու համար պահպանել հուզական հավասարակշռությունը բուժման բոլոր փուլերում։

  5. Հատուկ պայմաններ և ապառիկ վճարում
    Մենք առաջարկում ենք հատուկ պայմաններ կրկնակի փորձերի, փաթեթային առաջարկների և ապառիկ վճարման հնարավորության համար՝ բուժումը մատչելի դարձնելու նպատակով։

Ինչպե՞ս սկսել ԱՄԲ ծրագիրը Mia Baby-ում։

  1. Գրանցվեք վերարտադրաբանի առաջնային խորհրդատվությանը (անձամբ կամ առցանց)։

  2. Անցեք համապարփակ ախտորոշում՝ օպտիմալ բուժման ծրագիրը որոշելու համար։

  3. Ստացեք ձեր ծրագրի արժեքի անհատական հաշվարկ և ընթացակարգերի ժամանակացույց։

  4. Սկսեք ծրագիրը ձեր բժշկի և կոորդինատորի մշտական հսկողության ներքո։

Mia Baby-ում մենք հավատում ենք, որ ծնող դառնալու ճանապարհը պետք է լինի առավելագույնս հարմարավետ և անվտանգ։ Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ այս կարևոր ճանապարհի ամեն փուլում։

Կապվեք մեզ հետ ձեզ հարմար եղանակով, և մենք կօգնենք ձեզ կատարել առաջին քայլը՝ ծնող դառնալու ճանապարհին։